Ոսկի մարդ

Վանո Սիրադեղյանի <<Ոսկի Մարդ>> ստեղծագործությունը շատ հավանեցի։ Իմ առաջին ծանոթությունն էր Վանո Սիրադեղյանի հետ, հետաքրքիր գրելաոճ ունի։ Այս ստեղծագործությունը կարդալիս ակամայից քեզ զգում ես այդ գյուղում, քեզ թվում է կանգնած ես զրուցող հերոսների կողքին։ Ստեղծագործության մեջ ինձ համար հակասական հատվածներ կան։ Օրինակ, երբ գլխավոր հերոսի կինը ողբում է ամուսնու մահը․ <<Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…>>, ենթադրում ես, որ Վարոսը պետք է որ կոկիկ, խնամված տուն ունենար, այնինչ՝ պատմվածքը սկսվում է Վարոսի անխնամ տան նկարագրությամբ․ <<Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր>>։

Ստեղծագործության մեջ Վարոսին ոսկի մարդ է անվանում Արտեմը, բայց տարօրինակ է, որ <<ոսկի մարդու>> մասին ասելու, ավելացնելու ոչինչ չկար։ Հավաքվածները փորփրում էին իրենց հուշերը, որ մի հետաքրքիր դեպք հիշեին հանգուցյալի մասին, բայց վառ հիշողություններում Վարոսը չկար։ Նույնիսկ հավաքված գյուղացիների համար էր տարօրինակ, որ հիսուն տարվա հարևանն անգամ՝ Ասատուրը ոչինչ չուներ ասելու․․․

Ստեղծագործության մեջ շատ հետաքրքիր են նկարագրված տարեցները, նրանք դժգոհում են առողջական վիճակից, տարբեր ցավերից։ Նրանք մտորում են իրենց կյանքի ու մահվան մասին, մտքում վերլուծում են իրենց տարիքակիցներին՝ փորձելով գուշակել թե ով կլինի հաջորդը՝ հուսալով, որ իրենք չեն լինի։ Երևի թե մեծ հասակում բնական է այս ամենը։

Թողնել մեկնաբանություն